Այսօր՝ ապրիլի 30-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (պոլիտեխնիկ) երիտասարդ ճարտարագետների նորարարության եւ ձեռներեցության դպրոցի շրջանակներում երիտասարդ մասնագետների հետ «Անձի վերլուծության եւ զարգացման հմտություններ» թեմայով սեմինար-վարժանք է անցկացրել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր, կառավարման հոգեբանության ոլորտի բարձրակարգ մասնագետ Գալինա Բիրյուկովան:
Երիտասարդ ճարտարագետների նորարարության եւ ձեռներեցության դպրոցը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։
ՀՊՃՀ երիտասարդ ճարտարագետների նորարարության եւ ձեռներեցության դպրոցի կազկոմիտեի նախագահ Հրայր Աբրահամյանը նշում է, որ դպրոցի նպատակն է ուսումնառուներին տրամադրել գիտելիքներ նորարարական ձեռներեցության մասին, նպաստել անհրաժեշտ նորարարական մտածելակերպի ձեւավորմանը եւ զինել նրանց համապատասխան հմտություններով եւ ունակություններով:
Դպրոցում անցկացվում են զեկույց-դասախոսություններ, թրեյնինգներ, գործնական աշխատանքներ, սեմինարային ներկայացումներ, հրավիրված բանախոսների հետ քննարկումներ եւ բանավեճեր:


























