Գյումրիի դեպքերի առիթով ՀՀ ոստիկանություն դիմած պատգամավորների հարցը պետք է քննարկվի ԱԺ էթիկայի հանձնաժողովում: Այդ մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Հայտարարությունն արձագանք էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն տեղեկությանը, որ որոշ պատգամավորներ զանգահարել են փոխոստիկանապետին եւ բարեխոսել ձերբակալվածների համար: Այս առնչությամբ, ոստիկանապետը դիմելով այդ պատգամավորներին ասել էր. «Հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա»:
«Գյումրիի դեպքերը ցույց տվեցին, որ ոստիկանությունը, իրավապահ համակարգը սկսել է ծառայել քաղաքացիական հասարակությանը, ոչ թե այն մյուս կողմին, որին շատ հաճախ ականատես ենք եղել»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:
Նա կոչ արեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ ստանալ եւ հրապարակել այն պատգամավորների անունները, որոնք զանգել են ոստիկանապետին: «Ուզում եմ իմանալ՝ այս դահլիճի խորոշիներն ովքե՞ր են»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:




























