Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորների միջեւ հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ապրիլի 30-ի նիստի աշխատանքների ժամանակ ամբիոնի մոտ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Քամեր Գենչը պնդել է, թե օրեր առաջ արտասանած խոսքերին տեր է (Քամեր Գենչը կին նախարարին ասել էր, թե որ Աթաթուրքը չլիներ, նա ինչ-որ իմամի որերորդ կինն էր լինելու-խմբ)։

Քամեր Գենչի այս խոսքից հետո նրան է փորձում մոտենալ իշխող կուսակցության պատգամավորներից Սեյիթ Ասլանը։ Քամեր Գենչն այդ ժամանակ վերցնում է ամբիոնին դրված բաժակը եւ պատրաստվում նետել Սեյիթ Ասլանի վրա։

Երբ Քամեր Գենչին հեռացրել են ամբիոնի մոտից, երկու կուսակցությունների պատգամավորների միջեւ է ծեծկռտուք սկսվել։