Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 100-ամյակի առթիվ Արաբկիր վարչական շրջանի Խաչատրյան-Փափազյան փողոցների հատման հարակից հատվածում հայ մեծանուն կոմպոզիտորի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քանդակագործ Գեւորգ Գեւորգյանի հեղինակած հուշարձանը տեղադրվել է ամբողջությամբ բարեկարգված, կանաչապատ տարածքում, որտեղ այցելուների հարմարավետությունն ապահովելու համար տեղադրվել են նաեւ նստարաններ: ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, ընդգծելով հուշարձանի տեղադրման կարեւորությունը սերունդների կրթման ու դաստիարակության, ինչպես նաեւ մշակութային մեծ ժառանգություն թողած արվեստագետներին մեծարելու եւ արժեւորելու հարցում, շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մայրաքաղաքում Արամ Խաչատրյանի եւս մեկ հուշարձան ունենալու նախաձեռնությանը քաջալերելու եւ աջակցություն ցուցաբերելու համար:


























