Հայաստանում ձեւավորված իշխանության բացարձակ մենաշնորհի պայմաններում, որն, ըստ էության, դարձել է պետության զարգացման թերեւս գլխավոր խոչընդոտը,  Երեւանի ավագանու ընտրությունները ձեռք են բերում բացառիկ քաղաքական նշանակություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Ու՞մ համար է գաղտնիք, որ ԺԵԿ-ի պետ, նախարար, նախագահ եւ այս ուղղահայաց տիրույթում գտնվող թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ մշակութային, ինչպես նաեւ քրեական գրեթե բոլոր գործառույթները նպատակաուղղված են օրվա իշխանության մենաշնորհը վերարտադրելուն` ընդդեմ պետության բնականոն զարգացման եւ ընդդեմ քաղաքական մենաշնորհի տիրույթից դուրս գտնվող մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության: Իրականությունն այն է, որ, կարծես թե, պետության կենսագործունեության գլխավոր նպատակն է ապահովել նշված քաղաքական մենաշնորհի տիրույթում գտնվող խմբերի եւ անհատների, նրանց հարազատների ու մտերիմների բարեկեցիկ եւ անհոգ կյանքը: Ըստ էության, հանցագործներն ու հանցագործություններն էլ են մենաշնորհվել օրվա իշխանության կողմից: Չեմ կարծում, որ որեւէ մեկի համար գաղտնիք է, որ վերջերս Գյումրիում տեղի ունեցած հանցագործությունների հեղինակները ծնվել, սնվել են օրվա քաղաքական մենաշնորհի կողմից մեկ հիմնական եւ գլխավոր նպատակով` նրանց  միջոցով վերարտադրելու եւ ապահովելու իրենց մենիշխանությունը: Կարող եմ շարունակել այս մենիշխանության բերած դժբախտությունների ցանկը, բայց ընդամենը ուզում եմ մեկ բարեկամական խորհուրդ տալ այսօրվա քաղաքական մենաշնորհների տերերին ու սպասավորներին. Անգլիական իմաստնությունը ասում է, որ խելոքները սովորում են ուրիշների սխալներից, իսկ հիմարները` սեփական: Մեր դեպքում այսօրվա մենաշնորհների տերերը, կարծում եմ՝ պետք է սովորեն այս քաղաքական մենաշնորհները ձեւավորողների սխալներից, ովքեր օրինաչափորեն այսօր հայտնվել են իրենց իսկ կողմից ձեւավորած համակարգի դաժան թրթուրների տակ, որից, չեմ կարծում, որ նրանք մեծագույն հաճույք են ստանում: Եվ այդ նույն ճակատագիրը սպասվում է բոլոր նրանց, այդ թվում նաեւ Ձեզ, ովքեր կշարունակեն գայթակղվել այս հակասահմանադրական համակարգից:

Այսօր, հանգամանքների բերումով, ստեղծվել է մի իրավիճակ, որ ոչ իշխանական ուժերը քաղաքական կամքի եւ ազնիվ, շիտակ համագործակցության դեպքում կարող են միասնաբար կանգնեցնել ձեւավորված քաղաքական մենաշնորհի ընթացքը: Խոսքը չի վերաբերում անձերին ու անհատներին, խոսքը վերաբերում է իշխանության քաղաքական մենաշնորհի ընթացքի կասեցմանը: Եվ դա հնարավոր է այն դեպքում, որ ոչ իշխանական ուժերը համատեղեն իրենց հնարավորությունները եւ միասնական ճակատով ու համապատասխան մեխանիզմներով պայքարեն՝ Երեւան քաղաքում իշխանափոխություն իրականացնելու համար:

«Բարեւ Երեւան» դաշինքը պատրաստ է լինել այդ ուժերից մեկը՝ ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ Երեւանի ավագանին ձեւավորելուց հետո»: