Իվանովոյի մարզային կլինիկակակն հիվանդանոցի բժիշկները դուրս են գրել Վլադիմիրում խոշոր վթարից միակ կենդանի մնացած, 47-ամյա Արմեն Վարդանյանին: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սերգեյ Տոմսը:
«Բժիշկները հիվանդին դուրս են գրել բավարար վիճակում: Նրան անհրաժեշտ ողջ բուժօգնությունը ցուցաբերվել է: Բուժումից հետո նրան վերականգման փուլ է անհրաժեշտ, առայժմ նա տեղաշարժվում է հենափայտերով»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 9-ին ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ապրիլի 8-ին, ժամը 18.57-ին Գյումրի-Մոսկվա թիվ НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղեւորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել էին Մոսկվա: Ճանապարհին` Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. բախվել էին «Միցուբիշի» մակնիշի, «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 պ/հ եւ «Վոլվո» մակնիշի B212BO12 պ/հ բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել։ Պատահարի հետեւանքով զոհվել րէ 8, վիրավորվել` 1 քաղաքացի: «ԳԱԶել» մեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը հոսպիտալացվել էր Պետուշկի քաղաքի բժշկական կենտրոն։ Դժբախտ պատահարի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ` 1981 թ. ծնված Զուրաբ Ավագյանը, 1963 թ. ծնված Սասունիկ Սարգսյանը եւ Արթիկի բնակիչ` 1980 թ. ծնված Վարդան Վարդանյանը տեղում մահացել էին։ Պարզվել է, որ զոհվածների թվում կան եւս 2 ՀՀ քաղաքացիներ` 1988 թ. ծնված Արթուր եւ 1987 թ. ծնված Արտեմ Խաչատրյանները: Նրանք բոլորն ապրում էին վատ պայմաններում եւ մեկնում էին Ռուսաստանի Իվանովի շրջան` շինարարությունում աշխատելու նպատակով:




























