«Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը համոզված է, որ բոլոր խնդիրները, որ այսօր բարձրաձայնվում են, հետեւանք են անցած չորս տարիների ավագանու գործունեության, որտեղ աշխատել են ԲՀԿ եւ ՀՀԿ անդամները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, քննարկում-ասուլիսի ժամանակ նշել է ինքը՝ Անահիտ Բախշյանը:
«Հաճախ ենք տեսնում՝ կրթության վարչության պետը մանկապարտեզում կաթսաների կափարիչներ է բարձրացնում. դա իր լիազորությունը չէ: Դպրոցի տնօրենը, ով կարծում է, որ քաղաքապետն իր հովանավորն է, կարծում է նաեւ, որ իրեն ամեն ինչ կարելի է»,- ասել է Բախշյանը:
Եթե մանկապարտեզի տնօրենն իմանա, թե ինչի համար է ինքն աշխատում, թերություններ արդեն չեն լինի: Այս կարծիքին է «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Մուրադյանը:
«Եթե այսօր հաշմանդամները շարժվելու, հասարակության նորմալ անդամ զգալու իրավունք չունեն, հասարակության մի հսկայական շերտի իրավունքներ են ոտնահարվում: Նաեւ հոգեբանորեն հասարակությունը պատրաստ չէր ներառական կրթությանը: Որքան էլ առաջընթաց կա, խնդիրը համարվում ենք չլուծված»,- համոզված է ԲՀԿ ներկայացուցիչ Թամար Պողոսյանը:
ՀՅԴ ներկայացուցիչ Արտակ Աղբալյանը կարծում է, որ կրթական համակարգը վերից վար քաղաքականացված է, եւ գտնվում է իշխանական համակարգի ձեռքին՝ որպես մեխանիզմ, որն ընտրությունների ժամանակ օգտագործվում է որպես ընտրական համակարգ:
«161 մանկապարտեզ է գործում՝ 31,6% ներգրավվածությամբ, ցանկացած դպրոցի տնօրենի կարող են հեռացնել քաղաքական դրդապատճառներով՝ առանց հաշվի առնելու նրա մասնագիտական հմտությունները»,- խնդիրների մասին բարձրաձայնել է Աղբալյանը:
«Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի» կրտսեր գիտաշխատող Սաթենիկ Մկրտչյանը նշեց, որ մանկապարտեզների նորմատիվային համակարգը պետք է հասանելի լինի ծնողներին:
«Սակայն որեւէ պետական մանկապարտեզ չունի կայք, հետեւաբար՝ անհնար է ստանալ թափանցիկ տեղեկատվություն»,- ասել է նա:
ՕԵԿ ներկայացուցիչ Ջուլիետա Թադեւոսյանը կարծում է, որ խորհդային կրթական համակարգը դրական եւ արժեքավոր շատ առանձնահատկություններ ուներ, որոնք պահպանել էր պետք:
Կրթության ոլորտում ներկայիս խնդիրները, որոշ կուսակցությունների ներկայացուցիչների համոզմամբ, կարող են լուծվել, եթե քաղաքապետարանը կատարի իր լիազորությունները եւ չստեղծի մի կանոնադրություն, որտեղ ամրագրված դրույթներն իրականում քաղաքապետարանի լիազորությունները չեն:




























