Ապրիլի 24-ին Սուրբ աթոռում Հայաստանի նորանշանակ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետքարտուղարության ընդհանուր գործերի քարտուղարի տեղակալ մոնսենյոր Պետեր Վելսին:

 Ողջունելով Հայաստանի դեսպանին` մոնսենյոր Վելսը հավաստիացրել է, որ Վատիկանում  մեծ գոհունակությամբ է ընդունվել  Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն հիմնելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը:

Դեսպան Մինասյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձավ Հայաստանի եւ Վատիկանի միջեւ առկա  բարեկամական հարաբերություններին եւ պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը  գոյություն ունեցող կապերը առավել ամրապնդելու եւ զարգացնելու համար:

Դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ դեսպան Մինասյանը հանդիպել է նաեւ Սուրբ Աթոռի արարողակարգի ղեկավար մոնսենյոր Բետանկուրին,  Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար մոնսենյոր Դոմինիկ Մամբերտիին, ինչպես նաեւ Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն, Մոնակոյի դեսպան պարոն Միշելին: 

Մոնսենյոր Մամբերտիի հետ հանդիպմանը երկուստեք արձանագրվել է Հայաստանի եւ Վատիկանի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակը եւ դրանք առավել զարգացնելու առկա ներուժը: Այս կապակցությամբ մոնսենյոր Մամբերտին  ողջունել է  Սուրբ Աթոռում դեսպանություն բացելու եւ ռեզիդենտ դեսպան նշանակելու Հայաստանի իշխանությունների   որոշումը: