Գյումրիում հնչած աղմկահարույց կրակոցներից հետո ոստիկանները հայտնաբերել եւ առգրավել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Դրանք հիմնականում հայտնաբերվել են Գյումրիի «հակամարտող» երկու կողմերի`  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հարազատների եւ մերձավորների մոտից:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ «Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Գյումրիի, Աշոցքի եւ Արթիկի բաժնի  ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 29-ին Գյումրի, Աշոցք եւ Արթիկ քաղաքների բնակիչների կողմից  ոստիկանություն կամավոր հանձնվել է կոռոզիայի ենթարկված «ՏՕԶ» տիպի ակոսավոր հրացան,  5.45 մմ տրամաչափի  60 փամփուշտ, «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ` առանց փամփուշտների,  գործարանային համարը մեխանիկական եղանակով ջնջված «ՏՏ» տիպի ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի  30 փամփուշտով, «Գլենչեր» տիպի գազային ատրճանակ` դատարկ պահունակով,  «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, «ԱԿ-74» տիպի 5.45 մմ տրամաչափի  ինքնաձիգ` առանց պահունակի եւ «ԱԳՍ» տիպի ականանետի «ՎՈԳ-17Մ» տրամաչափի  4 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն: