«Ո՞վ է իրականում Ռուսաստանի ղեկավարը»,- նման հարցադրմամբ հոդված է հրապարակել «Christian Science Monitor» թերթը, հշեցնելով, որ շաբաթներ առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր Ռուսաստան այցելության ժամանակ երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինին անվանել էր «նախագահ»: Ավելի ուշ Օբաման արդարացել էր, թե «Ռուսաստանի ներկայիս վարչապետ Պուտինը երկար ժամանակ այդ երկրի գլխավոր պաշտոնն է զբաղեցրել»:

«Եթե նույնիսկ համաշխարհային լիդերներն են շփոթվում, ապա ի՞նչ ասել շարքային մարդկանց մասին», — նկատել է թերթը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, որոշ փորձագետներ կարծում են, թե Կրեմլը հնարամիտ ներկայացում է բեմադրել` «լավ ոստիկան — վատ ոստիկան». Որտեղ լավ ոստիկանի դերում հանդես է գալիս Մեդեվեդեւը, իսկ վատի դերում` Պուտինը: Սակայն կան նաեւ փորձագետներ, ովքեր պնդում են, որ շնորհալի իրավաբան ու Led Zeppelin-ի երաժշտության երկրպագու Մեդվեդեւը աստիճանաբար դուրս է գալիս իր նախորդի հսկողությունից եւ մարտահրավեր է նետում պուտինյան շրջանի կոշտ ու կոպիտ մեթոդներին:

Նկատենք, որ գարնանը «Լեւադա» սոցիոլոգիական կենտրոնի հարցման արդյունքներով պարզվել է, որ ռուսաստանցիների միայն 19 տոկոսն է կարծում, որ նախագահը անկախ քաղաքականություն է վարում, իսկ 68 տոկոսի համոզմամբ` Մեդվեդեւը գտնվում է Պուտինի եւ նրա շրջապատի հսկողության տակ:

«Մեդվեդեւը ո’չ թիմ ունի, ո’չ էլ ռեսուրսներ: Կարեւոր պաշտոնների 85 տոկոսը Պուտինի մարդիկ են գրավել, Մեդվեդեւն առանց բանակի գեներալ է, նա կարող է նախագահել Անվտանգության խորհրդում, բայց իրականում ուժայինների ղեկավարը Պուտինն է», — ասել է վերլուծաբան Օլգա Կրիշտանովսկայան: Իսկ ահա «Mercator Group» վերլուծական կենտրոնի ղեկավար Դմիտրի Օրեշկինն այն կարծիքին է, որ «Պուտինը ենթադրում է, թե դեռ ինքն է երկրի թիվ մեկ պաշտոնյան, բայց բանն այն է, որ Մեդվեդեւն էլ է սկսում այդպես մտածել, Պուտինը դա արդեն զգում է եւ նյարդայնանում»:

Կրեմլին մոտ կանգնած մարդիկ գերադասում են կանխատեսումներ չանել: «Ճշմարտությունը կպարզվի միայն 2012 թվականին, ամեն բան հասկանալի կդառնա, երբ կիմանանք, թե ով է առաջադրվել նախագահի թեկնածու», — ասել է Ռուսաստանի նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Պուշկովը: