ՕԵԿ-ն անցկացրեց բավականին կազմակերպված քարոզարշավ եւ ներկայացրեց մրցունակ ծրագիր, իսկ որն ամենակարեւորն է ներկայացրեց սիրված եւ մրցունակ թեկնածու՝ ի դեմս Արմեն Երիցյանի: Այս մասին, այսօր` մայիսի 1-ին, նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ առաջանում է մի հռետորական հարց, թե ինչո՞ւ պետք է հաղթեն եւ ինքն էլ շարունակեց, որ ունեն մրցունակ թեկնածու՝ ի դեմս Արմեն Երիցյանի, ով անցել է կյանքի դժվարին ճանապարհ եւ կարողացել է իր անցած ճանապարհին իրականացնել այնպիսի գործունեություն , որը հետք է թողել: Իսկ նրա վերջին հետքը նրա աշխատանքային կենսագրության մեջ արտակարգ իրավիճակների արտակարգ նախարարությունն էր: 

«Այսօր քիչ բնագավառներ կան, որտեղ մենք կարող ենք հպարտանալ: Այս դեպքում կա կայացած նախարարություն, կա մարդ, ով ունի պարտքի ու պատասխանատվության զգացում, կա մարդ, ով ապացուցել է իր ապրած կյանքով, որ կարող է փոփոխություններ իրականացնել»,- բնութագրեց Արթուր Բաղդասարյանը եւ ավելացրեց, որ հաղթանակի համար շատ կարեւոր է, թե ով է լինելու առաջնորդը:

Նա նաեւ ընդգծեց, որ մեր վերջին տարիների քաղաքական պատմության մեջ շատ առաջնորդների տեսանք, որոնք թողեցին ժողովրդին ու փախան: «Շատ առաջնորդների տեսանք, որոնք անծրագիր իրենց գործելակերպով ժողովրդին անկանխատեսելի զարգացումների առջեւ կանգնեցրին: Այս առումով շատ կարեւոր է անձը»,-նշեց Արթուր Բաղդասարյանը:

ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Շահինյանն իր խոսքում շնորհավորեց մայիսի 1-ի կապակցությամբ՝ ընդգծելով, որ կուսակցության հիմքում սոցիալական խնդիրներն են: Խոսելով քարոզարշավի ընթացքից, նա ասաց, որ միակ քաղաքական ուժը, որը արձանագրել է հաջողությունները նախաքարոզչության եւ ընտրություններից հետո դա ՕԵԿ-ն է: «Ասել, որ ամեն ինչ հարթ է, այդպես չէ: Այսօր մեր քաղաքը միկրովիրաբուժության կարիք ունի, այսօր մեր քաղաքը կարգ ու կանոնի կարիք ունի, այսօր մեր քաղաքը Արմեն Երիցյանի կարիքն ունի: Բայց մեր աշխատանքը կարող է ջուրը լցվի, եթե  ՕԵԿ-ականները, վստահված անձինք մինչեւ վերջին ձայնը չպաշտպանեն: Պայմանավորվածությունների, ինչ-ինչ համաձայնություններ պետք է չլինեն: Մենք ի դեմս մեր թեկնածու Արմեն Երիցյանի ունենք արտակարգ մարդ, արտակարգ գեներալ, արտակարգ գիտնական»,- ընդգծեց Հովհաննես Շահինյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am