Հայաստանում 2013 թ. հունվար-մարտին իրականացվել է 38,8 մլրդ դրամի (մոտ 95 մլն դոլարի) շինարարություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալը նվազել է 6.5%-ով:

Վիճակագրությունն արձանագրել է շինարարության աճ բնակչության, համայնքների եւ եկեղեցու մոտ, իսկ մյուս ուղղություններով (վարկեր, պետական բյուջե, մարդասիրական օգնություն, կազմակերպություններ) շինարարության ծավալները նվազել են:

Շինարարությամբ առաջին տեղում կազմակերպություններն են՝ 18,2 մլրդ դրամ կամ շինարարության ընդհանուր ծավալի 47%-ը: Սակայն կազմակերպությունները առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ մոտ 25%-ով նվազեցրել են շինարարությունը:

Փոխարենը բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարությունն ավելացել է մոտ 54%-ով եւ կազմել 11,6 մլրդ դրամ (ընդհանուրի 30%-ը):

Շինարարության ամենամեծ աճ արձանագրել են համայնքները՝ 14,9 անգամ, սակայն համայնքների շինարարության ծավալները շատ փոքր են, ընդամենը 590 մլն դրամ:

Միջազգային վարկերի հաշվին 2013 թ. առաջին եռամսյակում իրականացվել է 2,3 մլրդ դրամի շինարարություն՝  25%-ով ավելի քիչ, քան 2012 թ. առաջին եռամսյակում: Իսկ պետական բյուջեից իրականացվող շինարարությունը նվազել է 12,3%-ով եւ կազմել 4,9 մլրդ դրամ: