2013թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 0.4% գնանկումով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը;

Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% հավելաճ:

 Տասերկուամսյա կտրվածքով (2013 թ. մարտը 2012 թ. մարտի համեմատ) գնաճը կազմում է 3.9%, այդ թվում՝ պարենային ապրանքների մասով 4,2%:

Պարենային ապրանքների գնանկումը ապրիլին, ըստ վիճակագրության, հիմնականում հետեւանք է կարտոֆիլի, բանջարեղենի եւ շաքարավազի սեզոնային գնանկման: Մասնավորապես՝ էժանացել են վարունգը, սմբուկը, կանաչեղենը: Միաժամանակ՝ գրանցվել է լոլիկի, սխտորի, գազարի, ճակընդեղի գնաճ:

2013թ. ապրիլին 2012թ. ապրիլի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 8.9%-ով, իսկ 2013թ. մարտի համեմատ` 0.3%-ով: