Հուլիսի 25-ի առավոտյանից սկվել են Հյուսիսային Իրաքի ինքնավար քրդական շրջանի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Իրենց ընտրական պարտքն են կատարել Իրաքի նախագահը եւ Հյուսիսային Իրաքի ինքնավար շրջանի վարչապետը: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

2005 թվականից այս կողմ Հյուսիսային Իրաքի վարչապետ հանդիսացող Նեչիրվան Բարզանին տիկնոջ հետ իրենց ընտրական պարտքը կատարել են Էրբիլի «International» հյուրանոցում տեղակայված ընտրատեղամասում: Ընտրատեղամասից դուրս գալուց հետո Նեչիրվան Բարզանին լրագրողներին հարցազրույց է տվել: Նա բոլոր ընտրողներին կոչ է արել գնալ ընտրության, իսկ Թուրքիայի հետ կապված ասել է հետեւյալը. "Թուրքիան մեր կարեւոր հարեւանն է: Մենք թե Թուրքիայի, թե մյուս հարեւան երկրների հետ ցանկանում ենք լինել լավ հարաբերությունների մեջ եւ դրա համար ջանքեր ենք գործադրում: Ներկա պահին մեր հարաբերությունների մակարդակը շատ լավ է եւ մենք դրա համար շատ ուրախ ենք: Թուրքիայից եկած դիտորդներին մենք Էրբիլում դիմավորել եւ պատվել ենք եւ ուրախ ենք նրանց այստեղ տեսնել:

Իսկ Մեսուդ Բարզանին լրագրողներին ներկայացրեց իր տեսակետները. "Այսօր բոլորը պետք է ազատորեն ընտրեն իրենց նախագահին եւ իրենց խորհրդարանը: Հուսով եմ, որ այս ընտրությունը Բաղդադի հետ մեր տարաձայնություններով հանդերձ հարաբերություններում մի լավ սկիզբ կլինի: Հուսով ենք, որ Բաղդատի հետ մեր խնդիրները երկխոսությամբ կլուծվեն: Միեւնույն ժամանակ մեր մյուս եղբայր ազգերի հետ մեր հարաբերությունները պետք է լավացնենք: Մենք բոլոր հարեւան երկրների հետ ցանկանում ենք լավ հարաբերություններ ստեղծել, այդ թվում Թուրքիայի հետ մեր հարաբերությունները պետք է ավելի զարգանան:

Հյուսիսային Իրաքի ինքնավար շրջանում կա 2.5 միլիոն ընտրող: Խորհրդարանի 111 աթոռի համար պայքարում են 507 թեկնածու: 111 տեղերից 5-ը նախատեսված է թուրքմեններին, 5-ը՝ քրիստոնյաներին եւ 1-ը՝ հայերին: Մնացած 100-ը կզբաղեցնեն քրդերը:

111 պատգամավորներին ընտրելուց բացի, առաջին անգամ ժողովուրդը ուղիղ ձեւով նախագահ է ընտրելու: Նախագահի 5 թեկնածուների մեջ նախընտրելին համարվում է Մեսուդ Բարզանին: