Այսօր` փետրվարի 24-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` 2009-ին մարզպետների աշխատանքների գնահատման վերաբերյալ կառավարության անդամների եւ մարզպետների մասնակցությամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Տ. Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մենք առաջին անգամ ենք կառավարության կողմից հաստատված մեթոդաբանությամբ իրականացնում մարզպետների աշխատանքի այսպիսի գնահատում, եւ փորձ է արվում համալիր ձեւով աշխատանքները գնահատել: Ես ցանկանում եմ, որ մենք կոնկրետ բոլոր ցուցանիշներով անցնենք եւ լսենք նաեւ մարզպետների մեկնաբանությունները եւ գնահատականները ցուցանիշների վերաբերյալ, առաջին հերթին այն ցուցանիշների, որոնք ցածր են միջին հանրապետական ցուցանիշի համեմատությամբ: Փորձենք հասկանալ, թե որոնք են պատճառները»:
Նախարարները եւ մարզպետները պարզաբանումներ են ներկայացրել վարչապետին մարզերում կատարված աշխատանքների ցածր գնահատականների վերաբերյալ: Ընդհանուր գնահատականով առավելագույն միավորներ հավաքել է Տավուշի մարզը: Տիգրան Սարգսյանը բավական ուշագրավ է համարել մարզերի ցուցանիշների միջեւ տարբերությունը եւ ընդգծել է, որ մարզպետները պետք է հասկանան իրենց թույլ կողմերը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն 2010-ին այդ բացթողումները վերացնելու համար:



















