Հայաստանի գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անունից ներկայացված հաղորդումն, այսօր՝ մայիսի 2-ին, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի Գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ապրիլի 30-ին ստացել էր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անունից ներկայացված հաղորդումը` «հանցագործության կատարման մասին», որով խնդրում են պարզել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, տնօրինման եղանակի, գույք ձեռք բերելու, կամ տիրապետելու, կամ օգտագործելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ։

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ում, կատարելով  ուսումնասիրություն, կազմել են նամակ եւ դիմել դատախազություն՝ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու պահանջով։ «Մենք մեղադրում ենք Տարոն Մարգարյանին ժողովրդին թալանելու, փողերի լվացման մեջ, այդ մեղադրանքն այսօր հիմնավորել ենք լրջագույն փաստերով։ Մեղադրանքը որեւէ խոցելիություն չունի, այն կառուցել ենք չոր փաստերի վրա, այնպիսի փաստերի, որոնք գրանցված են պետական մարմիններում, նկատի ունենք Տարոն Մարգարյանի կողմից ԿԸՀ ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրության հիման վրա»,- ասել էր ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: