Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը. ապագա մայրերի կորուստ, ընտանիք կազմելու դժվարություններ, բնակչության նվազում: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացրած «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ եւ վերլուծություն» ուսումնասիրության մեջ:
Ուսումնասիրության նպատակն էր խորքից դիտարկել նորածինների սեռերի համամասնության շեղումները Հայաստանում եւ կանխատեսումներ կատարել մեր երկրի համար հնարավոր հետեւանքների առումով: Այն, ՄԱԲՀ պատվերով, իրականացրել է Փարիզի Բնակչության եւ զարգացման կենտրոնի Զարգացման հետազոտական ինստիտուտը ներկայացնող դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոն:
Այսօր այդ թեմայով մամուլի ասուլիս է հրավիրվել, որի բանախոսներն էին դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոն, ՄԱԲՀ հայաստանյան, վրաստանյան եւ ադրբեջանական գրասենյակների տնօրեն դոկտոր Զահիդուլ Հյուքը եւ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նրանց խոսքով՝ Հայաստանում նորածինների սեռերի համամասնությունը խախտվել է դեռեւս վաղ 1990-ականներից եւ ներկայում կազմում է 114-115 տղա՝ 100 աղջկա դիմաց: Այն աշխարհում ամենաբարձրերից մեկն է եւ զիջում է միայն Չինաստանին (118) ու Ադրբեջանին (116):
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե շարունակվի աղջիկների ծնունդը խափանելու գնով տղաներ ունենալու արատավոր երեւույթը, ապա Հայաստանը մինչեւ 2060 թ. կկորցնի գրեթե 93.000 պոտենցիալ ապագա մայր, իսկ երկրի բնակչությունը կնվազի հավելյալ 80.000 մարդով (սա ներկայում Հայաստանի 2 տարվա ծնունդների թիվն է) եւ, այլ հավասար պայմաններում, կկազմի մոտավորապես 2.6 միլիոն:
Բանախոսների ներկայացմամբ՝ մեր երկրում 1996 թ.-ից հետո ծնվածների մեջ տղաների ավելցուկն արդեն կազմում է գրեթե 39.000: «Եթե չկարողանանք կասեցնել այս երեւույթը, ապա ամուսնական ամենաակտիվ տարիքի՝ 20-39 տարեկան տղամարդկանց մի մասը շուտով սկսելու է ընտանիք կազմելու դժվարություններ ունենալ եւ, կին չգտնելով, կա՛մ ստիպված է լինելու արտագաղթել կա՛մ էլ դրսից կին գտնել իր համար», - նշել է Գարիկ Հայրապետյանը:
Ասուլիսին հետեւել է նորածինների սեռերի անհամամասնությանը նվիրված համաժողովը, որի մասնակիցներին ողջունել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը եւ Զահիդուլ Հյուքը:




























