Դժվար սկսեցինք մեր քարոզարշավը, քանի որ զբաղված էինք ՀԱԿ հիմնադիր համագումարի աշխատանքներով, մեր ուշադրությունը նախընտրական քարոզարշավից մի քիչ դուրս էր մնացել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ կուսակցության ցուցակը գլխավորող, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Նա նշեց, որ ամեն դեպքում կարողացան իրենց առջեւ դրված նպատակներն իրականացնել։ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ հատկապես վերջին օրերի հանդիպումների ժամանակ, ոչ իշխանական թեկնածուները միահամուռ նույն շեշտադրում էին անում, որ սա քաղաքական ընտրություն է, որովհետեւ համոզված են, որ դրա միջոցով կարող են վերջ տալ գործող համակարգին։
ՀԱԿ անդամն ասաց, որ այս անգամ եւս իշխանությունն իր ամբողջ դեմքով հանդես եկավ իրենց դեմ, քարոզչությունից դուրս չմնաց ոչ մի պաշտոնյա, վարչական աշխատող, բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք ամեն ինչ անում էին, որ իշխանության ներկայացուցիչն ավելի ներկայանալի լինի։
Նրա խոսքով՝ նույնիսկ նորամուծություններ եղան եւ մարզպետները այստեղ գրասենյակներ են բացել, ղեկավարում են դրանք, ինչը նշանակում է, որ իշխանությունը ձայներ չունի Երեւանում եւ Հայաստանում։ Նա տեղեկացրեց, որ հանդիպել է բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ նրանք եւս հավաստել են, որ իշխանություններից հրահանգ կա կոնկրետ քանակով մարդկանց տանել ըտրատեղամասեր։
Վահագն Խաչատրյանը նկատեց նաեւ, որ այս ընտրություններին հանցավոր էլեմենտներն իրենք են թելադրում իշխանություններին, թե որտեղ ասֆալտ անել, ինչքան գումար է անհրաժեշտ եւ ով կարող է այդ տարածքում քարոզչություն անել։ «Ավազակապետությունն ամբողջական դեմքով հանդես է գալիս մեր դեմ»,- ասաց նա։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























