Եթե Երեւանի ավագանու ընտրություններն արդար անցնեն, կհաղթի Դաշնակցությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ , Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը, որը ավագանու ընտրություններում գլխավորում է կուսակցության ցուցակը։

Ըստ նրա՝ ներկա դրությամբ քաղաքական դաշտում ՀՅԴ-ն միակն է, որ խնդիրներ չունի ընդդիմադիր ուժերից որեւէ մեկի հետ՝ ո՛չ «Բարգավաճ Հայաստանի», ո՛չ ՀԱԿ-ի, ո՛չ էլ «Ժառանգություն» կուսակցության հետ։

«Ոչ մի այլ կուսակցություն ընտրություններին չի մասնակցում այն մակարդակով, որով մասնակցում ենք մենք։ Անձամբ ես պայքարելու եմ հանուն երկրում իշխանափոխության՝ քանի դեռ ուժ ունեմ»,- իր խոսքը եզրափակեց քաղաքապետի դաշնակցական թեկնածուն։

Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններն անցկացվելու են մայիսի 5-ին։