Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պատրաստվում են մեծ հանցագործություններ կատարել։ Այս մասին այսօր՝  մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ կուսակցության ցուցակը գլխավորող  Վահագն Խաչատրյանը՝ հրավիրելով ոստիկանների ուշադրությունն այդ ամենին։

Նա կոչ արեց ոստիկաններին հստակ կատարել իրենց պարտականութունները, տեղամասերից 50  մետր հեռավորությամբ եւ տեղամասերում կուտակումներ թույլ չտալ։ Նա տեղեկացրեց, որ վերջին մի շաբաթվա ընթացքում ավելի գռեհիկ մեթոդների են անցել, Սամվել Ալեքսանյանն իր ամբողջ թիմով լծված է մի գործ իրականացնելու, հանդիպում է  ոչ  իշխանական ուժերի հանձնաժողովների անդամներին հանդիպելիս առաջարկում է կիսել մյուս ոչ իշխանական ուժի ձայները, օրինակ՝ ՀԱԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանն առաջարկել է կիսել ԲՀԿ-ի եւ «Բարեւ Երեւանի» ձայները։ «Իրենց թվում է, թե մենք հնարավորություն չունենք իրար հետ խոսելու,  մենք  ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» հետ սերտ համագործակցում ենք»,- ասաց նա։

ՀԱԿ անդամն ասաց, որ պայմանավորվածություններ ունեն ընտրության օրը եւ հաշվարկի ժամանակ ուժեղացնել հսկողությունը, թեկնածուները ներկա լինեն հաշվարկին, կոնտակտներ փոխանակվում են եւ սերտ համագործակցում են։ Իսկ թե ոչ իշխանական թեկնածուներից ո՞վ  ավելի լավ քաղաքապետ կաշխատի, նա նշեց, որ  համակարգը փոխելու դեպքում բոլորն էլ կարող են աշխատել, եթե ցանկություն ունեն։

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ կեղծիքի իրականացման հիմնական մեթոդը լինելու է  ուրիշ դեմ քվեարկելը, այժմ ճշտվում է  այն մարդկանց ցուցակները, որոնք Երեւանում չեն։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am