Մենք ընդդիմադիր դաշտում հակառակորդներ չունենք, ունենք գործընկերներ, միգուցե` մրցակիցներ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ կուսակցության ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը։
Նա նշեց, որ իր կողմից ընդդիմադիրների հասցեին որեւէ գռեհիկ հայտարարություններ չեն եղել։ Իսկ ոչ իշխանական ուժերի հետ կարող են որոշակի տարաձայնություններ լինել՝ կադրային, աշխատանքային հարցերի հետ կապված, բայց հիմնական խնդիրը համակարգը ջարդելն է։
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ այժմ ոչ իշխանական ուժերի միավորվելու հնարավորություն կա, դա արվելու է, ընթացքի մեջ է, նա վստահ է, որ կլինի այդ միասնությունը, առանց դրա հնարավոր չէ։
Դիտարկամնը, թե ՀԱԿ երիտասարդներն ուրախանում են, տեսնելով, որ «Ժառանգության» հանրահավաքին ավելի քիչ մարդ է հավաքվել, քան իրենց հավաքին, Վահագն Խաչատրյանը պատասխանեց, որ նման բան չի նկատել, նրանք պարզապես ուրախանում են, որ իրենց հանրահավաքին շատ մարդ է հավաքվել։
Մեր հարցին, թե Տարոն Մարգարյանին քննադատողների մասին Արմեն Աշոտյանը ասել էր, թե նրանց մի մասը քաղաքապետին է նախանձում, մի մասը` Վոլոչկովային, Վահագն Խաչատրյանը հայտնեց, որ ինքը որեւէ մեկին չի նախանձում, դա իրեն հատուկ չէ: «Ես երջանիկ եմ, որ Մհեր Մկրտչյանի հետ եմ ընկերություն արել, Հրանտ Մաթեւոյսանի հետ, Օհան Դուրյանի հետ, Գրիգոր Խանջյանի հետ, ինձ համար ամենաերջանիկ պահերը դրանք են եղել, ի պաշտոնե` հնարավորություն եմ ունեցել Աբդուլովի հետ խոսել, Ռուդոլֆ Խաչատրյանի արվեստանոցում ժամեր անցկացնել: Թող տղաները շարունակեն իրենց երազներով ապրել, կարճ ժամանակ է մնացել»,- ասաց Վահագն Խաչատրյանը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























