Ավանդական երեք կուսակցությունները՝ Ռամկավար-ազատական, սոցիալ-դեմոկրատ հնչակյան եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշել են, թե ""աննախադեպ են զարգացումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, արցախյան հիմնախնդիրը արագ հանգուցալուծելու առումով"։

«Կրկին հայ ժողովրդի անանց արժեքների, մեր սերունդների իրավունքների հաշվին օտարի շահերը բավարարելու փորձ է կատարվում։ Բարեբախտաբար, հայությունը սկսել է գիտակցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների քողարկված ու բացահայտ սպառնալիքները։ Տակավին վտանգված է նաեւ Արցախի հերոսական ժողովրդի արյունով ձեռք բերված ազատությունն ու անկախությունը»,- նշել են հայտարարության հեղինակները:

Արձանագրելով, որ 2010թ. լրանում է Հայոց ցեղասպանության 95-ամյակը, ավանդական կուսակցություններն ազդարարել են. «Մենք վճռական ու վստահ ենք մեր արդար դատը հաղթանակով ավարտելու պայքարում։ Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, հասարակական-քաղաքական բոլոր ուժերին, սփյուռքի բոլոր կառույցներին, հայ ժողովրդի ապագայով մտահոգ բոլոր մարմիններին՝ համախմբվելու համազգային խնդիրների շուրջ, միասնական եւ կուռ դիրքորոշում ներկայացնելու ամբողջ աշխարհին, իրական քայլեր կատարելու Հայաստանի, հայկական սփյուռքի, ընդհանրապես հայության խնդիրները լուծելու, համազգային հարցերի շուրջ միասնական քաղաքական կամք ձեւավորելու, աշխարհում մեր ինքնուրույն եւ արժանապատիվ տեղը ապահովելու ճանապարհին»:

ՌԱԿ-ը, ՍԴՀԿ-ն եւ ՀՅԴ-ն դատապարտում են նաեւ հայ ազգը պառակտելուն միտված բոլոր հոռի երեւույթները: «Այսօր արդեն բազմաթիվ պետություններ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Այլընտրանք չկա` հայության բոլոր հատվածների գործակցությամբ, մեր անկախ պետականության հզորացմամբ մենք պետք է հասնենք աշխարհի ու նույնիսկ Թուրքիայի կողմից մեր Արդար Դատի ճանաչմանը։ Այս է Հայաստանի Հանրապետության եւ հայության լիարժեք, անվտանգ ապագայի երաշխիքը»,- ասվում է հայտարարությունում։