Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանն, ապրիլի 29-ին, հանդիպել է Կանադայի նորաստեղծ կրոնական ազատությունների գրասենյակի ղեկավար, դեսպան Էնդրյու Բեննետտին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում Էնդրյու Բեննետտը նշել է, որ գրասենյակի ստեղծման նպատակն է ապահովել լայն դաշտ աշխարհում խղճի ազատության ոտնահարման դեպքերին լավագույնս արձագանքելու համար:
Դեսպանները զրուցել են Հայաստանում կրոնական ազատությունների պաշտպանության հարցերի շուրջ եւ դրականորեն արձանագրել Հայ առաքելական եկեղեցու հետ մեկտեղ մուսուլմանական մզկիթի, հրեական սինագոգի, ուղղափառ եկեղեցու եւ այլ կրոնական կառույցների առկայության փաստը: Քննարկվել են նաեւ Կանադայում մի քանի տասնյակ հայկական եկեղեցիների գործունեությանը, ինչպես նաեւ` Կանադայի հոգեւոր-մշակութային կյանքում հայկական համայնքի լավագույնս ներգրավվածությանն առնչվող հարցեր:
Դեսպան Եգանյանը գրասենյակի ղեկավարին ներկայացրել է արտերկրում հայկական հոգեւոր-մշակութային արժեքների պահպանության հետ կապված խնդիրները, մասնավորապես, գրասենյակի ղեկավարի ուշադրությունը հրավիրելով Ջուղայի հայկական գերեզմանների ու խաչքարերի ոչնչացման վրա: Դեսպան Եգանյանն ընդգծել է հոգեւոր-մշակութային արժեքների ոչնչացման անթույլատրելիությունը եւ նմանատիպ բարբարոսությունները պատժելու եւ կանխելու հրատապությունը:
Հանդիպման ավարտին դեսպաններն ընդծել են իրենց պատրաստակամությունը համագործակցել կրոնական ազատությունների եւ մշակութային արժեքների պաշտպանության ոլորտներում:



























