Մայիսի 3-ը արտահայտվելու, խոսքի, մամուլի ազատության միջազգային օրն է: Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, որում ասվում է.

«Խոսքի ազատությունը (արդար դատաքննության իրավունքի հետ զուգահեռ) ապահովում է բոլոր մյուս իրավունքների պաշտպանությունը եւ հանդիսանում ժողովրդավարության կառուցման անկյունաքարը:  Դրա համար լրագրողն իր գործում պիտի ազատ լինի խմբագրից ու նրա անհարկի միջամտությունից: Խմբագիրը պետք է ազատ լինի լրատվամիջոցի սեփականատիրոջ գրաքննությունից: Իսկ լրատվամիջոցի սեփականատերը պետք է ազատ լինի գովազդային շուկայի ճնշումից:

Իսկապես որ, Հայաստանում խոսքի ազատության վիճակը էականորեն բարելավվել է վերջին տարիներին: Պետության եւ պետական մարմինների միջամտությունը զանգվածային լրատվության միջոցների գործունեությանը հասցվել է հնարավոր ու միջազգայնորեն թույլատրելի նվազագույնին: Սակայն այսօր մեր տարբեր շուկաների, այդ թվում՝ լրատվական շուկայի գերկենտրոնացումը հնարավորություն չի տալիս լրագրողին, խմբագրին, լրատվամիջոցի փոքր եւ միջին սեփականատերերին լինել տնտեսապես ազատ, ապահովված ու պաշտպանված:

 Բոլոր լրագրողներին եւ լրատվամիջոցներին մաղթում եմ լիարժեք ազատություն

1.      լրատվական շուկայի գերկենտրոնացումից կամ մենաշնորհայնացումից,

2.      թաղային հեղինակությունների եւ այլ հանցագործների բռնարարքներից,

3.      օլիգարխներից եւ այլ հարուստներից նրանց ֆինանսական կախվածությունից,

4.      լրատվամիջոցների կուսակցականացումից,

5.      պատվերով հոդված գրող եւ դրանով իսկ ազատ խոսքը վարկաբեկող ու այլասերող լրագրողից,

6.      դատարանի ապօրինի վճիռներից»: