Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատը «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում իրականացված ստուգման նյութերն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն: Դրա համար, ըստ երեւույթին, հիմք են հանդիսացել դատաիրավական ծրագրերի ընթացքում հայտնաբերված էական խախտումները:
Նշենք, որ այդ ծրագրերն իրականացվում են Համաշխարհային բանկի վարկի, ճապոնական եւ հոլանդական դրամաշնորհների եւ պետական բյուջեի հաշվին: Վերահսկիչ պալատը ստուգել է դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագիրը՝ 2010-12 թ.թ., ընդհանուր ծախսը մոտ 20 մլն դոլարի չափ է:
Վերահսկիչ պալատը նշել է, որ սույն ԾԻԳ-ը (ծրագրերի իրականացման գրասենյակ) շինարարական մրցույթներում, ֆորմալ ու ոչ էական անհամապատասխանությունների պատրվակով, մերժել է նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությանը, որի արդյունքում պայմանագրերի գինը թանկացել է 177 մլն դրամով: «Փարվանապրոմ» ընկերության հետ կնքվել են ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի վերանորոգման եւ շրջակայքի ասֆալտապատման աշխատանքների պայմանագրեր, սակայն այդ աշխատանքները կատարվել են խիստ անորակ:
Մարզային դատարանների եւ արդարադատության դպրոցի համար գնվել են աթոռներ շուկայական գնից 2-3 անգամ ավելի; Այսպես՝ ԾԻԳ-ը ձեռք է բերել 830 աթոռ այցելուների համար՝ հատը 33.9 հազ. դրամով, այնինչ նման աթոռների շուկայական մանրածախ գինը 12-15 հազ. դրամ է: Բացի այդ՝ ձեռք են բերվել 188 «աշխատանքային աթոռներ»՝ հատը 106,2 հազ. դրամով, այնինչ դրանց շուկայական գինը 30-38 հազ. դրամ է:
Առավել արտառոց են խորհրդատվական ծախսերում առկա չարաշահումները: Ըստ Վերահսկիչ պալատի՝ ծախսերն իրականացվել են պարզապես անհայտ կատարողներով:




























