Առաջին անգամ Հայաստանում կնշվի գերմաներենի ուսուցիչների օրը: Հայաստանում գերմաներենի 100 ուսուցիչների եւ դասախոսների հնարավորություն կընձեռնվի մայիսի 4-ին եւ 5-ին հանդիպելու միմյանց, մասնակցելու տարբեր վերապատրասման դասընթացների, տեղեկանալու դասավանդման նորագույն մեթոդներին, իրականացնելու փորձի եւ մտքերի փոխանակում, ինչպես նաեւ ստեղծելու նոր հեռանկարներ` բարձրացնելու հետաքրքրությունը գերմաներենի նկատմամբ:

Գնալով ավելի շատ հայեր են սովորում գերմաներեն, թեեւ գերմաներեն սովորողների թիվը 2000-ականների սկզբներին անկում էր ապրում:

Հայաստանում ներկայումս ավելի քան 33.000 աշակերտներ եւ 2.300 ուսանողներ սովորում են գերմաներեն, եւ այդ առումով հեռանկարներն աճում են:

Գերմանական եւ ավստրիական կազմակերպությունները, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD), Ավստրիական ակադեմիական փոխանակման  ծառայությունը (OeAD), Գյոթե ինստիտուտը բավականին ակտվ են Հայաստանում եւ պարբերաբար հանարավորություններ են ընձեռում հայերին՝ մասնակցելու տարբեր կրթաթոշակային ծրագրերի, մշակութային ծրագրերի, գերմաներենի դասընթացների եւ այլն:

2012թ.-ին Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունն ավելի քան 285 հայերի շնորհել է կրթաթոշակներ` դրանով իսկ գերազանցելով Հայաստանում գործող բոլոր կրթաթոշակային ծրագրերը: Այլ գերմանական դրամաշնորհային կազմակերպությունների հետ համատեղ այս թիվը հասել է մինչեւ 350-ի:

Բացի կրթության հնարավորություններից, գերմաներենն ապահովում է նաեւ կարիերային հնարավություններ: Գերմանիան ամենախոշոր տնտեսական ուժ ներկայացնող պետությունն է Եվրոպայում, Հայաստանի ամենակարեւոր առեւտրային գործընկերն է հանդիսանում ԵՄ-ում, ինչպես նաեւ զարգացող քաղաքական համագործակցության շրջանակներում երկրորդ մեծ ներդրողը ԱՄՆ-ից հետո: Գերմաներենի իմացությունը մեծ առավելություններ է ընձեռում միջազգային կազմակերպություններում եւ ընկերություններում աշխատելու համար: