Ընդդիմությանը դեռ չի հաջողվել կասեցնել իշխանության վերարտադրությունը ներքին գզվռտոցների պատճառով: Այդ մասին մայիսի 3-ին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ: Նրա խոսքով, մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունները եւս մեկ հնարավորություն են կասեցնելու գործող իշխանության քաղաքական մենաշնորհը:

«Ընդդիմությունն այսօր ի վիճակի է անելու դա, եթե իրեն չպահի այնպես, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ` ուղիղ ասած, քաղաքական եսասիրություն դրսեւորելով: Նրանք կարող էին հայտնել, թե հանդես են գալիս հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած ժողովրդական շարժման, բայց իրականում անում էին ամեն ինչ, որ խափանեն այդ շարժումը: Չի կարելի ձեռքով բարեւ տալ` սեղանի տակից ոտքով հարվածելով»,- նշել է Հակոբյանը:

Այդուհանդերձ, ըստ նրա` հիշաչարությունը քաղաքական կատեգորիա չէ, եւ եթե հանրության համար կարեւոր է, որ իրավիճակը փոխվի, անհրաժեշտ է որ ընտրություններից առաջ եւ դրանցից հետո կոնկրետ քայլեր արվեն: «Դա կախված է նրանից, թե ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկի ընդդիմությունը եւ որքան անկեղծ կլինի իր մղումներում»,- ասել է Հակոբյանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am