Ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը Հայաստանում ֆանտաստիկայի ժանրից է: Այդ մասին, այսօր՝ մայիսի 3-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` քարոզարշավի ընթացքում գրանցվել են մի շարք խախտումներ` սկսած «Բարեւ Երեւան» դաշինքի պաստառները պոկելուց մինչեւ վարչական ռեսուրսների օգտագործումը: «Մեր պաստառները հաճախ պոկում էին նախատեսված ստենդի վրա փակցնելուց անմիջապես հետո, մասնավորապես դա տեղի էր ունենում Շենգավիթ համայնքում: Ոստիկանները ոչ միայն չէին կանխում դա, այլեւ չէին նկատում: Մինչդեռ, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաստառները տեղադրված են թիվ 130 դպրոցում, բացի այդ, մայրաքաղաքի բոլոր դպրոցներում եւ մանկապարտեզներում ծնողներին համոզում են ընտրություններին քվեարկել ՀՀԿ-ի օգտին»: 

Մարտիրոսյանը նաեւ նկատեց, որ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն միջամտում վերոնշյալին, սակայն ամենայն պատասխանատվությամբ նկարահանում են «Բարեւ Երեւան» դաշինքի հանդիպումների մասնակիցներին:

Ասուլիսի մյուս բանախոսը` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն էլ նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել` «Աջափնյակ համայնքում ՀՀԿ-ն արդեն բաժանում է 10000-ական դրամներ, իսկ այսօրվանից գումար բաժանելը սկսելու է «Բարգավաճ Հայաստանը»: