Կենտրոնական բանկից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալը 2012 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 440.1 մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 10.4%-ով): Այդ մասին նշված է ՀՀ ԿԲ 2012 թ. տարեկան հաշվետվության մեջ:

Կանխիկ դրամի տեսակային կառուցվածքում էական փոփոխություններ չեն եղել, հիմնականում շարունակվել են նախորդ տարիներին դրսեւորված միտումները: Մասնավորապես՝ բարձր է եղել 20 հազար դրամ եւ10 հազար դրամ անվանական արժեքներով թղթադրամների նկատմամբ պահանջարկը: Շրջանառության մեջ գտնվող 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամի ծավալն ավելացել է 17.0 %-ով, իսկ 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամի ծավալը՝ 28.4%-ով: Մեծացել է նաեւ դրանց տեսակարար կշիռը:

Մյուս անվանական արժեքներով թղթադրամների տեսակարար կշիռը կանխիկի կառուցվածքում նվազել է: Շրջանառության մեջ թղթադրամների կեսից ավելին 20 հազարանոց թղթադրամներ են: Երկրորդ տեղում 10000 դրամանոցներն են՝ մոտ 22%, երրորդ տեղում՝ 5000 դրամանոցները՝ մոտ 8%: 100000 դրամանոցների տեսակարար կշիռը կազմում է մոտ 7%՝ մի փոքր գերազանցելով 1000 դրամանոցներին:

Շրջանառության մեջ բարձր տեմպերով ավելացել են 20 եւ 50 դրամ անվանական արժեքներով մետաղադրամների ծավալները: