ՕԵԿ-ը նախընտրական քարոզարշավի ընթացքում ներկայացրեց, թե որտեղից ուր է ուզում գնալ: Այս մասին, այսօր` մայիսի 3-ին, նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հանդիպման ժամանակ ասաց ԱԻ նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը եւ բոլորին շնորհավորեց մամուլի ազատության օրվա առթիվ:

Նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ ՕԵԿ-ի քարոզարշավն անաչառ լուսաբանելու համար եւ նախընտրական քարոզարշավին մասնակցած քաղաքացիներին:

Երիցյանի խոսքով՝ այն քաղաքացիները, ովքեր ձայնը տալու են իրեն, միասին են կառուցելու Երեւանը: Ըստ նրա՝ Երեւանը պետք է լինի միջազգային չափանիշներին համապատասխանող քաղաք, որ  հպարտանանք, որ երեւանցի ենք: «Եթե իմ կողքին կանգնեք, մենք կունենանք սիրուն եւ հզոր Երեւան: Երեւանցին պետք է հասկանա, որ ինքն է քաղաքի տերը»,- նշեց Արմեն Երիցյանը՝ հավելելով, որ պետք է ամեն ինչ անեն, որ ընտրություններում խախտումներ չլինեն եւ, որ հպարտանանք ընտրությունների արդյունքով: Նա ընդգծեց, որ բարձր տոկոս է ակնկալում ՕԵԿ-ի համար: