Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերեցին սեռական բնույթի հանցագործության մեջ մեղադրվող եւ դատարանից փախած կալանավորին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մայիսի 3-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողները Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 շենքի մոտից ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, 1961 թ. ծնված Արմեն Կաբալյանին, որը ապրիլի 18-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից):
Ա. Կաբալյանը նախապատրաստված նյութերի հետ միասին հանձնվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Խափանման միջոցը ընտրվել է կալանքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մոտ երկու շաբաթ առաջ Երեւանի Աջափնյակի եւ Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանի մեկուսարանի խցից կալանավոր 43-ամյա Արմեն Կաբալյանը դիմել է փախուստի:
NEWS.am-ն Աջափնյակի եւ Դավիթաշենի ընդհանուր իրավասության դատարանից էլ տեղեկացել էր, որ Արմեն Կաբալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ավազակությամբ ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ հարձակվել է Կարինե Մելիքսեթյանի վրա եւ նրանից հափշտակել ոսկյա վզնոցը ոսկյա խաչով եւ երկու հատ ոսկյա մատանի: Բացի այդ նմանատիպ ձեւ ով հարձակվել է անչափահաս Արմիկ Եգորյանի վրա հափշտակել 8 հազար ՀՀ դրամ, այնուհետեւ շարունակելով իր հանցավոր գործողությունները վերջինիս կամքին հակառակ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:


























