ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ճշգրտում է մտցրել հայկական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվության մեջ, կապված, մասնավորապես, համանախագահի պաշտոնից իր հեռանալու եւ նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ: Ամերիկացի դիվանագետը NEWS.am-ին հայտնել է, որ չի նշել Հարավային Կովկասի կոնկրետ երկիր, որտեղ հնարավոր է կշարունակի իր դիվանագիտական աշխատանքը:
«Հուլիսի 25-ի իմ հարցազրույցում ես ոչ երկիմաստ նշել եմ, որ շատ եմ ցանկանում շարունակել իմ աշխատանքը Հարավային Կովկասում: Ես չեմ նշել, թե կոնկրետ որ երկրում»,- տեղեկացրել է Բրայզան, հավելելով, որ րոշ հայկական լրատվամիջոցներ սխալ են մեջբերել իր խոսքերը: «Հույս ունեմ, որ ես կկարողանամ աշխատել Հարավային Կովկասում: Ես անձնական կապվածություն եմ զգում տարածաշրջանի մարդկանց հետ եւ ցանկանում եմ իմ համեստ ուժերի ներածին չափով նպաստել այնտեղ խաղաղության հաստատմանն ու բարգավաճմանը»,- նշել է ամերիկացի դիվանագետը:
Միաժամանակ, Բրայզայի խոսքով, ինքը հատուկ ցանկություն չունի լքել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի պաշտոնը: «Սակայն ես սպասում եմ նրան, որ իմ ղեկավարները կխնդրն ինձ անցնել այլ դիվանագիտական աշխատանքի: Ամերիկյան դիվանագիտական ծառայության մեջ դիվանգետներին թույլ է տրվում մնալ Վաշինգթոնում 6 տարի, իսկ ես պատրաստվում եմ իմ աշխատանքի 13-րդ տարին սկսել Վաշինքթոնում, ուստի, համաձայն ԱՄՆ-ում գործող դիվանագիտական նորմերի, մոտ ժամանակներս աշխատանքի անցնել արտասահմանում»,- հստակեցրել է նա:
Ավելի վաղ, Բրայզայի ռուս գործընկեր Յուրի Մերզլյակովը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել էր, որ 2009 թվականի ընթացքում Մինսկի խմբում կփոխվեն ամերիկացի եւ ռուս համանախագահները: «Ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի պաշտոնում իմ ծառայության 7-րդ տարում ինձ թույլ կտրվի հեռանալ պաշտոնից»,- ասել է Մերզլյակովն ու հավելել. «Կարծում եմ, որ դա տեղի կունենա այս տարի»:




























