Թուրքիայի հանրապետական գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչընքայան իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Մարաշից ընտրված պատգամավոր Ավնի Դողանի եւ Չորումից ընտրված պատգամավոր Ահմեդ Այդողմուշի դեմ հետաքննություն է սկսել՝ կապված վերջիններիս կողմից արված հայտարարությունների հետ։
Այսպես, Ավնի Դողանը «Էրգենեկոնի» գործի հետ կապված հայտարարել էր. «Նրանք ընդգծում էին գլխաշոր կրողներին, պահպանողականներին։ Եթե մի քիչ նեղվենք՝ էրգենեկոնականները այս անգամ շատ դաժան վրեժի կարժանանան»։
Իսկ Ահմեդ Այդողմուշն էլ ասել էր, որ իշխանության դեմ դուրս եկողների արյունը փչացած է։
«Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որի ղեկավարն է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արդեն հայտարարել է, որ սեփական հետաքննությունն է սկսել իր կուսակիցների նկատմամբ։



























