Ցավոք, Հայաստանում դեռ կան տնտեսվարողներ, որոնք չեն ցանկանում աշխատել օրենքի դաշտում, բայց կառավարությունը եղել եւ լինելու է հետեւողական այդ հարցում, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատգամավորների խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի ոսկու շուկաներում ստեղծված իրավիճակը:

«Կառավարությունը ցանկանում է բոլոր տնտեսվարողներին ներգրավել գործունեության օրինական դաշտ, բայց որոշները չեն ցանկանում դա: Սակայն մենք հետագայում էլ հետեւողական ենք լինելու այդ հարցում: Եթե տնտեսվարողների գործունեության մեջ կան խախտումներ, մենք կարձանագրենք եւ համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք»,- հայտարարել է Սարգսյանը:

Նշենք, որ մի քանի օր շարունակ ոսկու շուկաների աշխատակիցները բողոքի գործողություններ էին իրականացնում կառավարության շենքի մոտ՝ բողոքելով հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման դեմ: