Հայաստանի պետական պարտքը 2010 թվականի ավարտին ներկայիս 38 տոկոսից կավելանա ու կդառնա 45 տոկոս, սակայն սա միջազգային չափանիշներով բարձր ցուցանիշ չէ, քանի որ պետական պարտքի վտանգավոր սահմանը համարվում է 60 եւ ավելի տոկոսները։ Այս մասին խորհրդարանի ամբիոնից փետրվարի 24-ին հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ նախարարը պարզաբանեց, որ պետական բյուջեն բաղկացած է մի քանի ցուցանիշներից՝ արտաքին, ներքին, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի պարտքերից։ «Ներկայիս 38 տոկոս պետական պարտքի մեծ մասը՝ 28 տոկոսը կազմում է արտաքին պարտքը։ Սակայն սա էլ միջազգային չափանիշներով բարձր ցուցանիշ չէ։ Միջազգային ստանդարտներով, արտաքին պարտքի վտանգավոր սահմանը 50 եւ ավելի տոկոսներն են»,-ընդգծեց Դավթյանը։ Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը մշակել է համապատասխան միջոցներ այն դեպքերի համար, երբ պետական պարտքը կգերազնացի 50 տոկոսը։




























