Եվրամիությունը Հարավային Կովկասի երեք երկրներում սկսել է մի գործընթաց, որը հույս ունի ավարտին հասցնել ընկերակցման համաձայնագրի կնքմամբ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նրա խոսքով, Եվրոպայի հետ նման համաձայնագրի կնքումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար առեւտրի եւ մարդկանց տեղաշարժի ազատականացման կհանգեցնի:
Փիթեր Սեմնեբին նշել է, որ այն շոշափելի ազդեցություն կունենա ոչ միայն հարաբերությունների առավել սերտ լինելու հարցում, այլեւ տարաբնույթ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում:
«Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերը շարունակում են մնալ Եվրոպայի ուշադրության կենտրոնում»,-հավելել է Սեմնեբին։ Նա նաեւ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերին, ինչպես նաեւ անդրադարձել է Վրաստանում տիրող իրավիճակին։
Սեմնեբին հույս է հայտնել, թե տարածաշրջան իր այցի շրջանակներում քննարկման թեմա կդարձնի նաեւ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, մամուլի ազատության թեմաները:
Հարցին` ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի «Մամուլի մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունները, որոնց համաձայն` առանց իրավապահների թույլտվության դեպքի վայրում տեսաձայնագրություն անելը լրագրողներին արգելվում է, Սեմնեբին պատասխանել է. «Դա մի հարց է, որը ոչ միայն ես եմ բարձրացրել, այլեւ` Եվրամիության մյուս ներկայացուցիչները»: Եվրոպացի պաշտոնյայի գնահատմամբ` կատարված փոփոխություններն իսկապես «խնդրահարույց» են:
Այս փոփոխությունները, ադրբեջանցի լրագրողների, մի շարք իրավապաշտպանների կարծիքով, վտանգում են խոսքի ազատությունը եւ այն սահմանափակելու եւս մեկ լծակ են: Ադրբեջանում նաեւ կարծիքներ են հնչում, թե օրենքի այս փոփոխությամբ հատկապես կվտանգվի հետաքննական լրագրությունը:
Փիթեր Սեմնեբին երեքշաբթի օրվանից Բաքվում է։ Նրա այցը երկօրյա է: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ դիվանագիտական աղբյուրներից, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Երեւան կայցելի մարտի 2-ին:



























