Այսօր` փետրվարի 24-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, համանուն խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Եվրամիության հայաստանյան գրասենյակում հանդիպել են Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերի, պատվիրակության առաջին քարտուղար, քաղաքական, տնտեսական, ԶԼՄ եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսի, ԵՄ անդամ երկրների դեսպանների ու դիվանագետների հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Ժառանգություն» կուսակցությունից, Ռաուլ դե Լյուցենբերգերի եւ ԵՄ անդամ երկրների դեսպանների խնդրանքով «Ժառանգության» պատգամավորները ներկայացրել են կուսակցության ռազմավարությունը, անելիքներն ու գործունեության մարտահարվերները առաջիկա 2 տարիների ընթացքում, ինչպես նաեւ` կուսակցության տեսլականը Հայաստանի եվրաինտեգրման, քաղաքական, տնտեսական, ընտրական, լրատվական եւ այլ համակարգերի համալիր բարեփոխումների կապակցությամբ:

Քննարկվել են նաեւ համաեվրոպական կուսակցական ընտանիքի հետ «Ժառանգության» համագործակցության շահագրգվածությանը եւ հեռանկարին վերաբերող հարցեր: Հաջորդ շաբաթ «Ժառանգության» ղեկավարները կհանդիպեն նաեւ ԵՄ-ից Հայաստան ժամանող նախարարական պատվիրակության հետ` քննարկելու այդ եւ այլ հարցեր: