Փետրվարի 24-ին Հունաստանում կազմակերպված համընդհանուր գործադուլի մասնակիցները բողոքի ակցիայի ժամանակ բախվել են ոստիկանների հետ: Հաղորդում է CNN-ը: Բախումը տեղի է ունեցել Հունաստանի խորհրդարանի շենքի դիմացի հրապարակում: Գործադուլավորները ոստիկանության ուղղությամբ բոցավառվող շշեր են նետել, ինչին ի պատասխան ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել եւ փակել ճանապարհները: Բախումները շարունակվել են 30 րոպե:

Ընդհանուր առմամբ, բողոքի գործողություններին մասնակցել են մոտ 50 հազար ցուցարարներ: Փակվել են դպրոցները, հիվանդանոցները, հիմնարկությունները, խախտվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, այդ թվում՝ նաեւ նավերի: Օդանավակայաններում հետաձգվել են բոլոր չվերթները: Հեռուստատեսությունը, ռադիոն եւ լրատվական կայքերը նորություններ չեն թողարկում, իսկ այսօր լույս չեն տեսնի նաեւ օրաթերթերը:

Գործադուլավորների բողոքներն ուղղված են կառավարության որոշման դեմ, որը սառեցրել է աշխատավարձերն ու սոցիալական վճարումները՝ նպատակ ունենալով կրճատել հսկայական բյուջետային դեֆիցիտը եւ թույլ չտալ երկրում դեֆոլտ: