Դուբայի ոստիկանությունը հայտնել է, որ Դուբայում պաղեստինյան «Համաս» խմբավորման առաջնորդներից մեկի` Մահմուդ ալ-Մաբխուխի սպանության գործով եւս 15 կասկածյալներ կան: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այսպիսով, այդ սպանության կասկածյալների թիվը հասել է 26-ի: Ոստիկանության տվյալներով, բոլոր կասկածյալներն ունեցել են արեւմտյան երկրների` Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Ֆրանսիայի եւ Ավստրալիայի անձնագրեր:

Ենթադրվում է, որ կասկածյալների մեծ մասն օգտագործել է եվրոպական երկրների կեղծ անձնագրեր եւ այլ փաստաթղթեր, նրանցից շատերն ունեցել են կրեդիտ քարտեր` տրված միեւնույն ամերիկյան բանկի կողմից:

Մահմուդ ալ-Մաբխուխը հանդիսանում էր «Համասի» զինված թեւի հիմնադիրներից մեկը: Նա գրոհայիններին հրթիռներ էր մատակարարում: Իսրայելի իշխանությունները նրան մեղադրում էին բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում նաեւ սպանությունների ու առեւանգումների մեջ: Հունվարի 20-ին նրան գտել են սպանված Դուբայի հյուրանոցներից մեկի համարում: Մահմուդ ալ-Մաբխուխին սկզբում էլեկտրահարել են, ապա խեղդել: Դիտորդների մեծ մասը վստահ է, որ դա իսրայելական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է: