Չինաստանի ֆաբրիկաներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 13 եւ վիրավորվել 50 մարդ: Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան Ֆունինի մարզի Լիհուայի օսլայի գործարանում, որը գտնվում է Ցինհուանդաո խոշոր քաղաքի մոտ:

Եւս 5 աշխատակիցների ճակատագիրը դեռեւս անհայտ է: Աղբյուրի տվյալներով, նրանք դեռ ֆաբրիկայի շենքի ավերակների տակ են: Վնասվածքներ ստացած 50 աշխատողներից 10-ը գտնվում են ծանր վիճակում:

Նախնական տվյալներով, պայթյունը հակահրդեհային անվտանգության կանոնների կոպիտ խախտումների արդյունք է: Մասնագետների կարծիքով, պայթել է օդում առկա օսլայի փոշին: Ներկայումս ոստիկանությունը հարցաքննում է ձեռնարկության աշխատակիցներին: Դեպքի արդյունքում քիմիական նյութերի արտանետման մասին ոչինչ չի հաղորդվում: