Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի չի մտել եւ չի կանգնել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավար Ումիթ Բոյների հետ հանդիպմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիայի ԵՄ-ի անդամակցության, Կիպրոսի եւ Հայաստանի հետ կապված խնդիրները:
Հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը չի կիսել զրուցակցի այն միտքը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգնել է: «Դժվար մի գործընթաց է, սակայն այն չի կանգնել եւ փակուղի չի մտել: Անցյալ տարի հուլիսին նույն բանն էին ասում եւ տեսաք, որ օգոստոսին նախաստորագրվեցին արձանագրությունները: Նախկինի պես գործընթացը եւ բանակցությունները շարունակվում են»,- նշել է Դավութօղլուն:
Համեմատելով թուրք բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ «հուսադրող» հայտարարությունները եւ դրանց տրամագծորեն հակառակ արվող քայլերն ու արտահայտությունները, ավելի ու ավելի հավաստի է դառնում այն վարկածը, որ Թուրքիային հետաքրքրում է ոչ այնքան հայ-թուրքական գործընթացի արդյունքը, որքան բուն գործընթացը, եւ որքան այն երկարի, այնքան Թուրքիան ավելի շատ կարող է շահարկել այն իր հեռագնա նպատակների համար, եւ պաշտոնական Երեւանի նախազգուշացումները Թուրքիային այս պարագայում որեւէ արդյունք չեն տալիս։



















