«Բարեւ Երեւան» դաշինքից Երեւանի ավագանու թեկնածու Արթուր Գասպարյանը բողոք-դիմում է ներկայացրել ընտրատեղամասի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Նա իր բողոք-դիմումում, մասնավորապես, նշել է.

«Մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններին ժամը 21:53-ից գտնվել եմ թիվ 3/14 ընտրական տեղամասում եւ դիտարկել եմ ՏԸՀ ամփոփման նիստը՝ այդ մասին առկա է համապատասխան գրառում նույն տեղամասի գրանցամատյանում:

Տեղամաս մտնելուն պես, երբ ես հանձնաժողովի նախագահին ներկայացնում էի փաստաթղթերս, ոմն մի անձնավորություն սկսեց հանձնաժողովի նախագահին եւ ինձ ուղություն ցույց տալ՝ սկզբում թե իբրեւ ես իրավունք չունեմ գտնվել տեղամասում, իսկ հետո նաեւ ինձ ցուցամատով ուղորդելով ցուցում տվեց սենյակի ձախակողմյան հատվածի վերջում հանգրվանել եւ հանկարծ իրենց աշխատանքը չխանգարել: Բնականաբար ես հետաքրքրվեցի եւ փորձեցի պարզել այդ անձնավորության ինքնությունը: Ինձ կարճ կոնկրետ պատասխանեց, որ ինքը հանձնաժողովի անդամ է:

Վերը նշված սուբյեկտի բարոյահոգեբանական վիճակը, խառնվածքը իմ մեջ առաջացրեց որոշ կասկածանքներ, սակայն այնուամենայնիվ ես ենթարկվեցի նրա ցուցումին եւ կանգնեցի սենյակի հեռավոր ձախ անկյունում: Մի քանի րոպե անց նկատեցի, որ նշված սուբյեկտը սեղանի տակ (աշակերտական սեղանի ստորին դարակում) ինչ-որ բան է թաքցնում, եւ ընդհանրապես տեղում նստած շատ անհանգիստ շարժումներ է կատարում: Նշեմ, որ այդ պահին ընթանում էր հանձնաժողովի նախագահի կողմից քվեատուփից ծրարները հանելու, քվեաթերթիկները բարձրաձայն հրապարակելու եւ ըստ կուսակցությունների համապատասխան հանձնաժողովի անդամին փոխանցելու ու վերջիններիս տրցակների վրա դնելու գործընթացը:

Անանուն հանձնաժողովի անդամի համար աննկատ ես տեղափոխվեցի սենյակի աջ անկյուն ու նույնպես աննկատ քայլեցի դեպի նշված սուբյելտի թիկունք՝ կանգնեցի նրա հետեւում, երկու մետր հեռավորության վրա: Տեսնեմ, նա սեղանի տակ է (աշակերտական սեղանի ստորին դարակում) թաքցնում մի մեծ տրցակ շրջանաձեւ ռեզինով ամրացրած քվեաթերթիկներ՝ մոտավորապես կլիներ 200 հատ:

Անմիջապես ես արձագանքեցի բարձրաձայնելով, մեղմ ասած ոչ թափանցիկ կամ հանձնաժողովի անդամի կողմից իրականացվող թաքուն գործողությունների վերաբերյալ: Սակայն ի զարմանս ինձ հանձնաժողովի նախագահը նույնիսկ չդադարեցրեց քվեատուփից ծրարները հանելու ու պարունակությունը հրապարակելու գործընթացը, եւ ընդհանրապես կարծես ոչինչ չի պատահել:

Անանուն հանձնաժողովի անդամն անմիջապես սեղանի տակից հանեց թաքցրած տրցակը ու «քթի տակ ինչ-որ բառեր մռթմռթալով» արագորեն դրեց դրանք սեղանի վրա գտնվող, ՀՀԿ-ի օգտին քվեարկված, եւ մինչ այդ պահը քվեատուփից հանված քվեաթերթիկների տրցակի վրա: Այս ամենն իրականացվեց հանձնաժողովի բոլոր անդամների ու այդ պահին ըտրատեղամասում (սենյակում) գտնվելու իրավունք ունեցող անձանց աչքի առաջ: Ավելին՝ դա տեսանկարահանվել է ԲՀԿ-ի վստահված անձի տեսախցիկով:

Վերը նշված գործողությունը իրականացնելուց եւ անպատիժ ու հանձնաժողովի աշխատանքները չդադարեցնելու պարագայով ոգեշնչված, անանուն հանձնաժողովի անդամը տեղից կտրուկ վեր կացավ ու սկսեց անհիմն գոռգոռալ եւ իմ նկատմամբ դրսեւորեց ոչ ադեկվատ ագրեսիվ պահվածք:

Մի քանի անգամ կարգի հրավիրելով ու նույնքան անգամ նրան ներկայանալու հորդորով դիմելուց հետո, վերջապես հանձնաժողովի նշված անդամը ներկայացավ, հայտնելով իր անուն ազգանունը՝ Զոհրաբ Ղազարյան:

Փաստը իմ կողմից արձանագրվեց գրավոր, ստորագրվեց նաեւ հանձնաժողովի անդամի կողմից, եւ ճիշտ է ուշացմամբ, սակայն համապատասխան գրառում իրականացնելով կցվեց թիվ 3/14 ՏԸՀ-ի գրանցամատյանին:

Այդ հանգամանքը ավելի վրդոհվեցրեց Զոհրաբ Ղազարյանին եւ չգիտես ինչու նա փորձեց հանձնաժողովի անդամների քննարկման առարկա դարձնել արձանագրությանս բովանդակությունը՝ ինչի իրավունքը բնականաբար հանձնաժողովը չունի: Այնուհետ հանձնաժողովի անդամներին սկսեց խնդրել, որ ինչ-որ գրառումներ իրականացնեն գրանցամատյանում, թե իբրեւ նա այդ արարքը չի կատարել եւ այլն: Այդ պահին ես դուրս եկա ընտրական տեղամասից:

Հարգելի հանձնաժողով միգուցե վերը նկարագրվածը Ձեզ համար երկար կամ մանրակրկիտ թվա, սակայն թիվ 3 ԸԸՀ-ի անդամներին առավել պատկերավոր լինելու նկատառումով, տեղի ունեցածը ստիպված էի նման ձեւով ներկայացնեի:

Հարգելի թիվ 3 ԸԸ հանձնաժողով վերը շարադրվածի հիման վրա եւ համոզված լինելով, որ տեղի է ունեցել քվեաթերթիկների փոխարինում կամ ավելացում կոնկրետ մի կուսակցության օգտին՝ հետեւաբար 3/14 ընտրական տեղամասի արդյունքները չեն արտացոլում տվյալ տեղամասում քաղաքացիների քվեարկության իրական պատկերը խնդրում եմ թիվ 3/14 ընտրական տեղամասի ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր, իսկ փաստի առթիվ նյութերը ներկայացնել իրավապահ մարմիններին՝ ՀՀ դատախազություն»: