«Հայ-թուրքական արձանագրություններում ոչինչ չկա Ղարաբաղի խնդրի մասին, քանի որ եթե լիներ, Հայաստանը դեմ կլիներ արձանագրությունների ստորագրմանը եւ դրանք չէին ստորագրվի»,- ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Ալահադդին Բույուքայան:

Նրա խոսքով, սակայն, այդ արձանագրությունները համապատասխանում են եւ Թուրքիայի, Հայաստանի ու նաեւ Ադրբեջանի շահերին, որովհետեւ այնտեղ «հայկական կողմն ընդունում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ցեղասպանության հարցի քննարկումը հանձնարարվում է պատմական հանձնաժողովին, ինչպես նաեւ նպատակ է դրվում հասնել տարածաշրջանային խաղաղության»:

«Ինչպես հայտնի է, Հայաստանի ՍԴ-ն կասկածի տակ է դնում Թուրքիայի ամբողջականությունը: Հայկական կողմը մինչ օրս դեմ է եղել պատմաբանների կողմից այդ հարցի քննարկմանը եւ պնդել է, որ դա կրում է քաղաքական բնույթ: Սակայն ստորագրելով այս արձանագրությունները, նրանք համաձայնել են, որպեսզի այս հարցը քննարկեն պատմաբանները: Միաժամանակ Հայաստանը համաձայնել է տարածաշրջանում խաղաղապահ գործընթացներին Թուրքիայի մասնակցությանը: Իսկ դա նշանակում է, որ նախադրյալ է ստեղծվել, որպեսզի Թուրքիան մասնակցի Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրման գործընթացին»,- ասել է Բույուքայան:

Նշենք, որ հայկական կողմը մշտապես հայտարարել է, թե համաձայն չէ, որ ստեղծվելիք պատմաբանների ենթահանձնաժողովը քննարկի ցեղասպանության հարցը, այնինչ Թուրքիան պնդում է, որ հենց այդ հարցի քննարկման համար է ստեղծվելու այդ հանձնաժողովը: