Թուրքիայում ներքաղաքական իրավիճակի սրացումը պետք չէ կապել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ, թեպետ ցանկացած պատճառ կարող է այդ գործըթնացի վրա անուղղակի ազդեցություն ունենալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

«Այս փուլում մեր խնդիրն է՝ հանդարտ սպասել եւ հետեւել թուրքական խորհրդարանի իրադարձություններին՝ համարժեք քայլի պատրաստ լինելու համար: Մեր կուսակցության սկզբունքային դիրքորոշումն է՝ եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները առանց նախապայմանների եւ վերապահումների, զգալի խոչընդոտներ չեն լինի, որ նույնն անի նաեւ Հայաստանի խորհրդարանը»,- հայտարարեց պատգամավորը եւ հավելեց. «Եթե Թուրքիայի խորհրդարանը պայմաններ առաջ քաշի, Հայաստանի քաղաքական ուժերի խնդիրը կլինի հավաքվել եւ քննարկել ստեղծված իրադրությունը»: Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանն առաջինը վավերացնի արձանագրությունները, Սաֆարյանը պատասխանեց. «Ես դա չէի ցանկանա»:

Նա նաեւ կանխատեսեց, որ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Թուրքիան բոլոր ջանքերը կգործադրի՝ կանխելու Ցեղասպանության ճանաչման ալիքը: «Բայց ամեն ինչ կախված է, թե ինչ հետեւողականությամբ են ԱՄՆ իշխանությունները ցանկանում լուծել հայ-թուրքական գործընթացը: ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման հնարավորությունը մեծ չէ, բայց հավանական է»,- ամփոփեց Արամ Սաֆարյանը: