Իրանում կատարվող ավիավթարների սարսափեցնող քանակը փաստում է այն լուրջ խնդիրների մասին, որն ունի այդ երկրի ավիացիայի ոլորտը ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ավիացիոն անվտանգության հարցերով փորձագետը։ Իր անունը նշել չցանկացող հայ փորձագետն ասաց, որ Իրանին ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները խանգարում են պահպանել հնացող ավիապարկը, ինչի պատճառով դժվարություններ են առաջանում ոչ միայն նոր օդանավեր գնելիս, այլեւ օգտագործվողներինը ժամանակակից պահեստամասերով փոխարինելիս։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-25 ընկած ժամանակահատվածում Իրանում եղել է 2 ավիավթար, որի արդյունքում մահացել են ընդհանուր թվով 200 մարդ։ Հուլիսի 15-ին Caspian Airlines ավիաընկերության ՏՈւ-154 ինքնաթիռը, որն իրականացնում էր Թեհրան-Երեւան չվերթը, նախնական վարկածի համաձայն՝ շարժիչներից մեկում սկսված հրդեհի պատճառով վայր է ընկել 8000 մետր բարձրությունից եւ կործանվել։ Տասն օր անց՝ հուլիսի 25-ին, Aria Air ավիաընկերության ԻԼ-62Մ ինքնաթիռը արգելակների խափանման հետեւանքով արտակարգ վայրէջք է կատարել Մեշհեդ քաղաքի օդանավակայանում եւ բախվել պատին։ Նախնական տվյալներով մահացել է 30 մարդ։
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գերատեսչությանը մոտ կանգնած փորձագետը, մեկնաբանելով դժբախտ պատահարները, ասաց, որ որոշակի մեղք ունի նաեւ միջազգային հանրությունը, մասնավորապես ԱՄՆ-ը։ Նրա խոսքերով, քաղաքական նկատառումներից ելնելով՝ ԱՄՆ-ի իշխանությունները Իրանի դեմ տնտեսական միակողմանի պատժամիջոցներ են կիրառում՝ արգելելով Իրանին՝ վաճառել օդանավեր եւ օդանավերի պահեստամասեր։ Արդյունքում հնացած ավիապարկը բաղկացած է հիմնականում խորհրդային հին ինքնաթիռներից եւ ամերիկյան լայներներից, որոնք Իրանին են տրամադրվել դեռեւս 70-ական թվականներին։ «ԱՄՆ-ի պատժամիջոցները խանգարում են Իրանին պահպանել եւ զարգացնել քաղավիացիան։ Այդ պատճառով նոր ավիավթարներն ու զոհերը գրեթե անխուսափելի են»,-ընդգծել է զրուցակիցը։
Հարկ է նշել, որ իրանական իշխանություններն ավիավթարների համար մեղադրում են Միացյալ Նահանգների իշխանություններին, ովքեր անհաղթահարելի խոչընդոտներ են ստեղծում Իրանի քաղավիացիայի համար։ Ժամանակին Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը Միջազգային քաղաքացիական ավիացիայի քարտուղարությանը տեղեկանք էր ուղարկել, որով ԱՄՆ-ին մեղադրում էր Չիկագոյի 1944թ-ի կոնվենցիայի 44-րդ հոդվածը խախտելու համար։ Այն հիմնարար փաստաթուղթ է համարվում Միջազգային քաղաքացիական ավիացայի ոլորտում։ Ըստ 44-րդ հոդվածի՝ երկիրը, որը ստորագրում է կոնվենցիան, չի կարող խոչընդոտել մեկ այլ երկրի քաղավիացիայի զարգացմանը, որը նույն կոնվենցիայի մասնակից է։ Փաստորեն ԱՄՆ-ը կոպտորեն խախտում է կոնվենցիայի այս դրույթը։
Իրանում տեղի ունեցած ավիավթարների ժամանակագրությունը
2009թ-ի հուլիսին Իրանում տեղի ունեցավ 2 ավիավթար, որի արդյունքում զոհվեց 200 հոգի։ Caspian Airlines ավիաընկերության ՏՈւ-154 , որը իրականացնում էր Թեհրան-Երեւան չվերթը հուլիսի 15-ին վայր ընկավ ու պայթեց, զոհ գնացին 169 հոգի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներ։ Տասն օր անց Aria Air ավիաընկերության ԻԼ-62Մ ինքնաթիռի վթարի պատճառով զոհվեցին 30 հոգի։
2003թ-ի դեկտեմբերի 23-ին կործանվեց ուկրաինական ԱՆ-140 ինքնաթիռը, որի արդյունքում զոհվեցին ուկրաինացի, ռուս ավիաինժեներներ եւ այդ երկրների ավիացիայի ոլորտի ղեկավարներ։ Ընդհանուր առմամբ զոհերի քանակը 46-ն էր։
2002թ-ի փետրվարին ՏՈւ-154 օդանավը ձյան եւ վատ տեսանելիության պատճառով բախվեց լեռանը։ Ինքնաթիռում կար 119 մարդ ։
2003թ-ի փետրվարի 19-ին ռազմա-փոխադրական ԻԼ-76 ինքնաթիռը վայր ընկավ Իրանի Քերման քաղաքից 35 կմ հարավ-արեւելք։ Ինքաթիռում էին Իսլամական հեղափոխության պահապաների 41-րդ դիվիզիայի զինծառայողներ եւ անձնակազմի 18 անդամներ։
2001թ-ի մայիսին Իրանի հյուսիում ՅԱԿ-40 օդանավի վթարի ժամանակ զոհվեց 30 մարդ, այդ թվում՝ Իրանի տրանսպորտի նախարարը եւ խորհրդարանի 7 պատգամավորներ։
1988թ-ի Էյրբաս A-300 ուղեւորատար ինքնաթիռը, որը թռչում էր Պարսից ծոցի վրայով, ամերիկյան ռազմանավերի կողմից ընկալվեց իբրեւ կործանիչ եւ ոչնչացվեց։ Արդյունքում զոհվեց 290 մարդ։




























