«ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության ժամանակահատվածը կարելի է գնահատել որպես շանս` ԼՂ խնդիրը լուծելու համար»,- ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Ալահադդին Բույուքայան ու հավելել. «Բնականաբար, այստեղ ամեն ինչ կախված է պաշտոնական Աստանայի ջանքերից եւ հակամարտության կողմերի Ղազախստանի հետ խորհրդատվություններ անցկացնելու շահագրգռությունից: Ղազախստանը ցանկության դեպքում կարող է արագացնել Մինսկի խմբի գործունեությունը եւ աջակցել հակամարտության կարգավորման հարցում կոնկրետ ձեռքբերումների հասնելու գործում»:

Նրա խոսքով, ԵԱՀԿ գործող նախգահ Կանատ Սաուդաբաեւի Հայաստան եւ Ադրբեջան այցելության ժամանակ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ղազախստանի մասնակցության հարցը: «Բայց դուք գիտեք, որ դրա համար պետք է փոխել Մինսկի խմբի ձեւաչափը` կամ ավելացնել համանախագահների թիվը, կամ փոխել նրանց: Այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Նախարարների կոմիտեում: Կարծում եմ, որ ամենաիրատեսական քայլը Ղազախստանի բանակցություններն են համանախագահ երկրների հետ` ԼՂ խնդրի լուծումն արագցնելու նպատակով»,- ասել է Բույուքայան:

Հարցին, թե ի՞նչ եք սպասում ապրիլին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցելությունից, թուրք պատգամավորը պատասխանել է. «Ես չգիտեմ այդ այցելության մանրամասները, բայց հաստատ կքննարկվեն հայ-թուրքական եւ ԼՂ խնդիրները: Կարծում եմ, որ Բարաք Օբաման ճնշում կգործադրի Էրդողանի վրա հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու, ինչպես նաեւ հայերի ցեղասպանությունն ընդունելու հարցերում: Իրանը, Իսրայելն ու Իրաքը նույնպես երկխոսության թեմա կլինեն: Համոզված եմ, որ Թուրքիայի վարչապետը լավագույն կերպով կպաշտպանի Թուրքիայի շահերը»: