Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի աջակցում Ռուսաստանից բնական գազի մատակարման վերսկսման գաղափարին: Այս մասին նա հայտարարել է Բաքու կատարած այցի ժամանակ՝ վարչապետից այս հարցի շուրջ սպառիչ պատասխան պահանջելով: Վրաստանի նախագահի խոսքով, էներգետիկայի հարցում Ռուսաստանին որպես լուրջ այլընտրանք դիտարկելը հիմնովին վերանայում է Վրաստանի անկախության հարցը:
«Նախքան իմ՝ Բաքու այցելելը, Վրաստանի կառավարության անդամները տարօրինակ հայտարարություն են արել այն մասին, որ Վրաստանը պետք է դադարի էներգետիկ առումով կախված լինել Ադրբեջանից եւ որպես դրա լուրջ այլընտրանք դիտարկի Ռուսաստանին»,-ասել է նա: Սահակաշվիլին փաստել է, որ Վրաստանը կարողացել է անել այն, ինչը չի կարողացել անել Արեւելյան Եվրոպայի եւ ոչ մի երկիր. «Էներգետիկ առումով մենք անկախացել ենք Ռուսաստանից»:
«Այսօր, երբ ամբողջ Եվրոպան փորձում է ազատվել Ռուսաստանի էներգետիկ կախվածությունից, Վրաստանը, կահառակ ուղղությամբ գնալով վերադառնում է ծանր անցյալ: Ադրբեջանական գազը մի քանի անգամ էժան է, բացի այդ, Ադրբեջանի ռազմավարական հետաքրքրությունը Վրաստանի ազատությունն ու անկախությունն է: Ռուսաստանը շահագրգռված է վերահսկելու հարեւաններին՝ այդ նպատակին հասնելու համար էներգալծակները կիրառելով: Ես սպառիչ պատասխան եմ ակնկալում Վրաստանի վարչապետի կողմից»,-հայտարարել է նախագահը:
Հիշեցնենք, որ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն հայտարարել էր, որ չի բացառում, որ վրացական կողմը վերսկսի Ռուսաստանից բնական գազի գնումը:



























