Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 7-ին արտագնա նիստ է գումարել, որտեղ Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության` GIZ-ի, աջակցությամբ քննարկվել է ծրագրային բյուջետավորման, մասնավորապես բյուջետային գրասենյակի գործառույթների գերմանական փորձը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչ այդ պատգամավորները հավանության են արժանացրել հանձնաժողովի կազմած՝ «Հայաստանի Հանրապետության 2012 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության սեղմագիրը: Այն բյուջեի հաշվետվության հետ, որը նախատեսվում է քննարկել ամսվա վերջին, կբաժանվի խորհրդարանի անդամներին:
ԳԴՀ Հեսսենի երկրամասի խորհրդարանի բյուջետային օֆիսի գործադիր տնօրեն Բրիգիտե Գոսսը եւ նույն երկրամասի ֆինանսների նախարարության բյուջետային վարչության պետ Պատրիկ Կրաուլիխը հայ գործընկերներին ներկայացրել են Լանդթագի բյուջետային գրասենյակի կառուցվածքը, գործունեության ուղղություններն ու սկզբունքները: Որպես կարեւոր սկզբունք բանախոսներն առանձնացրել են բյուջետային գրասենյակի անկախությունը՝ լինի այն խորհրդարանի աշխատակազմում, թե ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի կազմում: Այս գրասենյակը Հեսսենի երկրամասում ստեղծվել է 2006 թ., ունի չորս աշխատակից: Միաժամանակ Հեսսենի ֆինանսների նախարարությունում է ստեղծվել «գլխամասային կայան»՝ բյուջետային գրասենյակի հետ աշխատանքները համակարգելու նպատակով:
Քննարկումն աշխույժ էր ու շահագրգիռ. բյուջետային հարցերով մասնագիտական հանձնաժողովի անդամները հետաքրքրվել են գործընթացի բոլոր մանրամասներով ու նրբություններով: Բյուջետային ծրագրավորումը հաջողելու նպատակով՝ ԱԺ հանձնաժողովի անդամներն ուսումնասիրում են բյուջետային գրասենյակի ստեղծման փորձն ու մեր խորհրդարանում նույնատիպ կառույց ունենալու հնարավորությունը:
Գագիկ Մինասյանն ասել է, որ նաեւ Հեսսենի երկրամասի օրինակով են փորձում պարզել, թե ինչ խնդիրներ է դրել իր առջեւ այս գրասենյակը եւ ինչ ռեսուրսներով է դրանք լուծելու: Հանձնաժողովի ղեկավարի գնահատմամբ՝ ներկայացված մոդելը հետաքրքիր է եւ համահունչ հանձնաժողովի պատգամավորների պատկերացումներին: Գագիկ Մինասյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ այս գրասենյակի ստեղծումը պատգամավորներին հնարավորություն կտա ավելի մանրամասն ու խորքային քննարկել բյուջեի թե նախագիծը, թե եռամսյակային եւ թե տարեկան հաշվետվությունները: Նաեւ՝ պատգամավորները, հանձնաժողովներն ու խմբակցությունները կկարողանան տարվա ընթացքում հարցապնդումներ ներկայացնել բյուջեի ընթացիկ կատարողականի վերաբերյալ եւ ստանալ պարզաբանումներ, ինչ էլ իր հերթին կմեծացնեի վերահսկողությունը բյուջետային գործընթացի նկատմամբ:
Քննարկումն ամփոփելով՝ Գագիկ Մինասյանն ընդգծել է, որ անցյալ տարվանից են սկսել համագործակցությունը գերմանական կազմակերպության հետ՝ խորհրդարանի կարողությունները հզորացնելու ուղղությամբ, եւ արդյունքները գոհացուցիչ են:




























