Այսօր տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի Արգել համայնքում բնակչության շրջանում արձանագրվում են աղեստամոքսային գանգատներով դեպքեր:

Տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ մայիսի 6-ին Արգելի առողջության կենտրոն է դիմել 1 հիվանդ:

Իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդության դեպքեր արձանագրվել են համայնքի տարբեր թաղամասերում` առանց տարիքային առնաձնահատկությունների, սակայն հիվանդների 70% -ը 0-14 տարեկան երեխաներ են: Խմելու ջրի լաբորատոր հետազոտություններն ընթացքում են:

Մայիսի 7-ի դրությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված է 3 հիվանդ, Նաիրիի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում` 1: Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, ունեն առողջացման դրական շարժընթաց:

Հիմք ընդունելով իրականացված հետազոտությունների արդյունքները Արգել համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդության դեպքերի հավանական աղբյուրը համարվում է խմելու ջուրը: 

Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով իրականացվում են ներքոհիշյալ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները`

• անջատվել է ոռոգման ջրի համակարգը,

• իրականացվում են խմելու ջրի վարակազերծման աշխատանքներ,

• իրականացվում է խմելու ջրի համակարգի վթարների ակտիվ հայտնաբերում,

• խստացվել է հսկողությունը խմելու ջրի համակարգի նկատմամբ,

• նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով իրականացվում է բակային համայց, որի արդյունքում հայտնաբերվել է մեկ հիվանդ եւ տեղափոխվել Նորք ինֆեկցիոն հիվանդանոց,

• հիվանդների նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում,

• մանրէաբանական հետազոտությունների համար` ինչպես կասկածելի հիվանդներից, այնպես էլ խմելու ջրի համակարգից իրականացվել են նմուշառումներ,

• բնակչությանն ապահովվել է ախտահանիչ նյութեր,

• բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն եւ բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: 

Աշխատանքները շարունակվում են: