«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպությունը, որն իրականացնում է «Երեւանի ավագանու ընտրություններ - 2013» իրավական նախաձեռնությունը, ներկայացնում է իր պաշտոնական նախնական եզրակացությունը մայիսի 5-ին անցկացված՝ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքի վերաբերյալ։

«Ընտրություններն անցան լարված եւ մրցակցային մթնոլորտում։ Տեղամասերում եւ տեղամասերից դուրս մարդկանց խմբեր եւ առանձին անհատներ ճնշումներ էին գործադրում ընտրական գործընթացի մասնակիցների վրա։ Ճնշողների մեկ մասը ներկայանում էին որպես Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) վստահված անձինք, ինչպես նաեւ՝ տարբեր դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ։

Խոչընդոտներ են եղել լրագրողների եւ դիտորդների կողմից լուսանկարահանում եւ տեսանկարահանում կատարելու համար՝ ինչպես ուղղակի, այնպես էլ՝  անուղղակի՝ վախի մթնոլորտի պատճառով։ Ձայների հաշվարկը սկսվել է նյարդային եւ լարված մթնոլորտում, եւ իրավիճակը հարթվել է միայն այն պահից հետո, երբ տվյալները ցույց են տվել, որ ՀՀԿ–ն հաղթում է։

Ընտրությունների արդյունքների մասին վերջնական եզրակացություններ կարվեն գործընթացի մասնակիցների կողմից բողոքների ներկայացման եւ դրանց հետագա ընթացքն ու կայացված որոշումներն ուսումնասիրելուց հետո։

«Երեւանի ավագանու ընտրություններ-2013» իրավական նախաձեռնության շրջանակներում ՔՀԻ–ն իրականացրել է դիտորդություն Թիվ 1 ընտրատարածքում ամբողջությամբ եւ 10 շրջիկ մեքենաներով՝ Երեւանի ողջ տարածքով»,-ասված է եզրակացությունում: